Երևանը Վարլամովի ու տեղացիների աչքերով. Ռեստարտ՝ հայացք կորոնավիրուսից հետո

Հիշում ե՞ք՝ մոտ 2 ամիս առաջ ֆեյսբուքյան բուռն քննարկումներ էին գնում հայտնի ռուս բլոգեր Վարլամովի երևանյան այցից ու քննադատող հոդվածից հետո: Այդ բուռն քննարկումները ցույց տվեցին, որ մենք բացարձակ չենք կարող ընդունել քննադատությունը ու այն մեզ վերաբերող փաստերը , որոնք ավելի քան իրական են: Եվ Վարլամովի Երևանի մասին հոդվածը մեզ օրինակ: Որոշեցի ձեռքի հետ անդրադառնալ այս թեմային, հանկարծ եթե մոռացել եք:
Եվ այսպես, ի՞նչ էր կուրծքը ծեծելով ասում Վարլամովը, ով չափից ավելի իրական փաստերով ու նկատառումներով էր նկարագրել մեր հարազատ քաղաքը՝ Երևանը: Այն Երևանը, որը մենք բոլորս այդքան շատ ենք սիրում ու փայփայում:
Ուրեմն, նա ասում էր, որ մեր հարազատ քաղաքը լի է նյարդային տաքսու վարորդներով, որոնց համար մեծամասամբ նվաստացուցիչ է կապել ամրագոտին: Ասում էր նաև, որ մեր սիրելի թամանյանական Երևանը ոչնչացրել են՝ սկսած դեռ խորհրդային տարիներից, և այն ոչնչացրել են մեր բոլոր կառավարությունները:
Ինձ հատկապես դուր էր եկել նրա այն միտքը, որ երևանցիները մտածում են, թե տուրիստները գալիս են Երևան իրենց մեքենաները դիտելու, բայց իրականում տուրիստներին ամենևին էլ հարկավոր չէ կայանված մեքենաներով լի մեր քաղաքի կենտրոնական փողոցը տեսնել:
Մեր բոլորի բախտը չի բերել հատկապես այն առումով, որ շատերն իրենց «դրանդուլետները» բերում ամիսներով թողնում են կենտրոնական փողոցներում վաճառելու նպատակով: Դե քաղաքի բնակիչներն ու տուրիստներն էլ թող ձեռքի հետ զմայլվեն դրանցով, մինչև որ չծախվեն: Ի՞նչ է եղել որ:
Շարունակելով վարլամովյան նկատառումների ցուցակը՝ անդրադառնամ մեր անվտանգ քաղաքի շա՜տ վտանգավոր հետիոտնային անցումներին: Ինչպես նաև քաղաքի կենտրոնում չկան հասարակական տարածքներ, հանգստի գոտիներ չկան անգամ այգիներում:
Դե իսկ ինչ վերաբերբում է աղտոտվածությանը, դա մի այլ պատմություն է: Ոնց որ սրտիցս գրած լինի: Միգուցե իսկապես սկսենք մտածել հասանելի զուգարանների մասին, որ քաղաքի չվերանորոգված անցումները չվերածվեն մի մեծ զուգարանի:
Աշխատանքիս բերումով Հրազդանի կիրճ հասնելու համար ինձ գրեթե ամեն օր հարկավոր է լինում անցնել Մաշտոցի պողոտայի գետնանցումը, որտեղ մտնելիս պետք է հակագազով լինես: Իսկ երբեմն էլ պատահել է, որ հետապնդել են կասկածելի ու վտանգավոր մարդիկ: Մի խոսքով, մի քանի անհաջող դեպքերից հետո որոշեցի էլ բախտս չփորձել ու շրջանցել անցումը՝ ճանապարհս երկարացնելով: Իսկ իմ շատ սիրելի Հրազդանի կիրճը, այդ արտասովոր վայրը, որը մշտապես զարմացնում է տուրիստներին, իսկ մեր կողմից անտեսված է, ինչպես և քաղաքի մնացած շատ վայրեր, դարձել է սովորական աղբանոց:
Հասկանու՞մ եք, թե ինչ մե՜ծ պոտենցիալ կարող էր ունենալ Հրազդանի կիրճը՝ զբոսանքի, հանգստի ու ժամանցի կազմակերպման համար: Եվ սա առաջին բողոքը չէ, որ ես լսում եմ տուրիստներից: Շատերն են ափսոսանքով վերաբերվում բնության այս հրաշալիքին, որը ունի մեր քաղաքը, բայց, ցավոք, միայն աղբանոց ու սեփական բիզնեսի ու շահերի առաջխաղացման մեծ օբյեկտ դարձավ:
Ո՞ր մեկն է սխալ ասել այս մարդը, որ ազգովի անիծում էինք: Նա ընդամենը պրակտիկ խորհուրդներ է տվել՝ տեսնելով, որ մեր քաղաքն իսկապես մեծ պոտենցիալ ունի:
Ո՞ր մեկն ասեմ: Կասկադը՞, որ քաղաքի ամենատեսարժան ու յուրահատուկ վայրերից է, բայց մինչև հիմա տարիներով կիսակառույց է մնացել: Հրապարակի մետրոյի կայարանը, որ ունի յուրահատուկ ճարտարապետական լուծումներ, բայց դարձել է անտունների ու թափառականների քնարան: Անարդյունավետ հանրային տրանսպորտը՞, որն ասես ստեղծված է քաղաքացիներին նվաստացնելու համար: Տրամվայը՞, որն այդպես էլ անվերադարձ հանեցին: Թե այն բացառապես ինվեստիցիա դարձած քաղաքի հետ «չխոսացող» բարձրահարկ շենքերը, որոնք փակում են ու անշուքացնում քաղաքի բոլոր տեսարժան վայրերը:
Իմ համաքաղաքացիները տանում են ու իրենց տոպրակով աղբը լցնում քաղաքի փողոցների որ անկյունում պատահի, անողոքաբար լցնում են գետը, կամ էլ եթե անգամ չեն էլ աղտոտում, հանդուժում են դա իրենց կողքին: Իմ համաքաղաքացիները սարքել են Երևանը մի մեծ, ահռելի մոխրաման ու ըստ սովորության թքում են այդ մոխրամանի մեջ:
Սա է մեր իրականությունը, որը ամիսներ առաջ շատ դիպուկ նկարագրեց ռուս բլոգեր Վարլամովը, ով գերադասեց Երևանը Վիեննայից, Բեռլինից ու Թել-Ավիվից, ով ուղղակի զբոսաշրջիկի մի ուշադիր հայացք գցեց մեր քաղաքին: Իսկ մենք շատ հաճախ զուրկ ենք այդ կարողությունից ու ավելի հեշտ ենք համարում կուրծք ծեծել, ատամները սրած պաշտպանել մեր քաղաքը, որի դեմքը հենց մենք ենք: Անիծել ուրբանիստիկայի մեջ խորացած տուրիստին, ով ճիշտ խորհուրդ է տալիս, անիծել միմյանց, վիրավորել, բայց միայն թե չընդունել այն պարզ ճշմարտությունը, որն ամեն օր մեզ շրջապատում է:
Մի խոսքով, եթե մենք ուզում ենք այս տեմպերով տուրիզմ զարգացնել, ապա ծայրահեղ ոչ արդյունավետ միջոց ենք ընտրել: Չբացվելով աշխարհին, աչքերն ու ականջները փակելով՝ անհաղորդ մնալ նրանց կարծիքին: Այն, որ քաղաքը փոքր ու հարմարավետ է, մարդիկ էլ հյուրասեր, դեռ չի նշանակում, որ տուրիստները պարտավոր են սիրել մեր սրտի քաղաքն ու խոնարհվել մեր առաջ: Հուսով եմ, որ կառավարությունը գոնե ուշադրություն է դարձնում այս բոլոր նկատառումներին: Ու չի շարունակելու կրկնել անցյալի սխալները: Ի դեպ, որոշ քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են: Օրինակ այն, որ Հանրապետության Հրապարակի շատրվանների հետևի մասի մեծ կայանատեղին վերացրին: Մեր քաղաքի սրտում այլևս մեքենաներ չեն կայանվի:
Թերևս այսքանը, վաղուց կուտակվել էր, պիտի գրեի: Գնամ շարունակեմ իզոլացված մեկ պատուհանից նայել քաղաքին, աշխարհին, մարդկանց: Իսկ այն միտքը, որ կորոնավիրուսից հետո մարդիկ կփոխվեն ու կբարիանան, ինձ մոտ, չգիտես ինչու, միայն քմծիծաղ է առաջացնում: Ով աղտոտել է և անտարբեր է եղել, կշարունակի նույն ոգով նաև վիրուսից հետո: Վիրուսը չէր, որ պետք է փոխեր մարդկային էությունը: