Փարաջանովի «Նռան գույնը» և հայկական մոտիվներ. Լեդի Գագայի նոր տեսահոլովակը՝ որպես երգչուհու ցավի պոեզիա

11 «Գրեմիի» և 1 «Օսկարի» արժանացած երգչուհի Լեդի Գագան ներկայացրել է «911» երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը` ոգեշնչված Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։ Տեսահոլովակը Հայաստանում մեծ արձագանք գտավ:

Հենց առաջին կադրերում զգացվում է հայկական շունչը. երգչուհին պառկած է անապատում, իսկ նրա կողքին նռնենու պտուղներ են: Իսկ կադրերից մեկում կարելի է տեսնել նաև հայերեն «զգուշություն» բառը, որը գրված է ժապավենի վրա: Տեսահոլովակի ընթացքում Լեդի Գագան ներկայանում է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հերոսուհի Սոֆիկո Չիաուրելիի կերպարում: Նրա նմանությամբ երգչուհին հանդես է գալիս տարբեր կերպարներով: 

Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Լեդի Գագայի հերոսուհին վթարի է ենթարկվում կինոթատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում է հայկական ֆիլմերի փառատոն։ 

«Այս կարճամետրաժ կինոնկարը շատ անձնական է ինձ համար, հոգեկան առողջության հետ կապված իմ փորձն է, և այն, թե ինչպես են իրականությունն ու երազները փոխկապակցվում ՝ ձևավորելով հերոսներ մեր մեջ և մեր շուրջը: Մի բան, որ ժամանակին իմ ամենօրյա կյանքն էր, այժմ ֆիլմ է, իրական պատմություն, որն այժմ անցյալ է և ոչ թե ներկա: Դա ցավի պոեզիա է», — ասել է Լեդի Գագան Instagram-ի իր էջում: 

Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինգհը։ Հերոսների կերպարների մի մասը ստեղծել է հայազգի դիզայներ Կարինա Հակոբյանը, ով գործունեություն է ծավալում Անգլիայում, իսկ գլխազարդերի հեղինակը հայազգի դիզայներ Մարիաննա Հարությունյանն է, ով գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում: