«Եթե Արցախը պարտություն կրի, կպարտվի նաև Եվրոպան». Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյան

«Եթե Արցախը պարտություն կրի, կպարտվի նաև Եվրոպան». Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյան

Եթե Արցախը պարտվի, կպարտվի Հայաստանը, և եթե պարտվի Հայաստանը, կպարտվի Եվրոպան: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Nation News-ին տված հարցազրույցում հայտարարել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը՝ շեշտելով, որ այդ մասին պետք է հստակ խոսել: 

Վերջինս հայտնել է, որ Ֆրանսիայի փողոցներում թուրք-ադրբեջանցի ազգայնականներ են շրջում՝ «մենք փնտրում ենք հայերին, մենք հայերի որս ենք անում» խոսքերով: Նրա կարծիքով՝ դա անմիջական կապ ունի Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

«Ե՛վ Էրդողանը, և՛ Ալիևը նման կերպ փորձում են առաջ տանել իրենց հակահայկական քարոզարշավը, նրանք ուզում են ատելություն բորբոքել հայերի նկատմամբ»,- կարծում է Փարիզի փոխքաղաքապետը:

Նա նշել է, որ եթե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը միակ ելքն է, որը կապահովի արցախցիների խաղաղությունը, ապա այդ քայլն անպայման պետք է արվի:  

«Փարիզի քաղաքապետը հայտարարում է, որ Արցախի Հանրապետության ճանաչումն այն է, ինչ մենք պատրաստ ենք անել՝ չնայած, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը դեռ միանշանակ չի աջակցում այդ որոշմանը: Միևնույն ժամանակ կարծում ենք, որ պետք է գոնե մեկ երկիր լինի, որը կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, որից հետո այդ գործընթացն անդադար շղթայական ռեակցիա կդառնա»,- շեշտել է Թորանյանը:

Փարիզի փոխքաղաքապետը մեկնաբանել է Արցախի քաղաքացիական թաղամասերում ֆոսֆորային, կասետային և այլ արգելված զենքի կիրառումը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ էմանուէլ Մակրոնն առաջին իսկ օրերից հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները միանշանակ ագրեսիա են:  

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։