ՀՀ-ն Արցախին նվիրաբերում է շտապ բուժօգնության 10 ավտոմեքենա

ՀՀ-ն Արցախին նվիրաբերում է շտապ բուժօգնության 10 ավտոմեքենա

Հայաստանի կառավարությունն Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված, 2020 թվականին ձեռք բերված 10 հատ «Ֆորդ տրանզիտ» DLQ5030XJHA տեսակի ավտոմեքենաները հետ վերցրեց նախարարությունից և նվիրաբերեց Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով:

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ որոշման նախագծի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակում իրականացվող ամենօրյա աշխատանքներին, նպաստել դրանց որակի և հասանելիության բարձրացմանը։ Նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է բուժառուին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։ Մյուս 7­ը գծային ավտոմեքենաներ են՝ հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով։

«Նվիրաբերվող 10 շտապ բժշկական օգնության ավտոմեքենաներն ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին։ Ավտոմեքենաների ընդհանուր արժեքը գնահատվում է գրեթե 300 մլն դրամ»,- ասաց Ավանեսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կարևորեց նախագծի ընդունումը: «Հույս ունենք, որ Արցախում այս մեքենաները շատ չեն օգտագործվի և կօգտագործվեն բացառապես ծննդօգնության նպատակներով»,- ասաց նա։