Այսօր, վաղը, թե ավելի ուշ, բայց Սերժ Սարգսյանը, ինչպես և նրա իրավանախորդը պատասխան են տալու պետությունը պարտությունների տանելու համար։

Այսօր, վաղը, թե ավելի ուշ, բայց Սերժ Սարգսյանը, ինչպես և նրա իրավանախորդը պատասխան են տալու պետությունը պարտությունների տանելու համար։

Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանը կարծիք է հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ Երեկ Սերժ Սարգսյանը հանդես է եկել 2016 թվականի ապրիլյան պատերազմին նվիրված ծավալուն մամուլի ասուլիսով և շուրջ երեք ժամ պատասխանել է դրան վերաբերող հարցերին։

«Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը ապրիլյան քառօրյայի վերաբերյալ, որքանո՞վ են նրա ասածները իրականությանը համապատասխանում կամ ոչ` գուցե կարևոր է։ Բայց դրանից շատ ավելի կարևոր է ինքնին փաստը, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից ավելի քան երկու տարի անց Սերժ Սարգսյանը խոսում է ապրիլյան պատերազմի թեմայով։
Ասվածն իհարկե չի նշանակում, թե նա չի կարող ու չպետք է խոսի ապրիլյան պատերազմի մասին։ Պարզապես դրա մասին խոսելուց առաջ նա նախ պետք է, պարտավոր է պատասխանել բազմաթիվ հարցերի, որոնց ընդհանրական իմաստն այն է, թե ինչո՞ւ, ինչի՞ պատճառով, ո՞ւմ մեղքով Հայաստանի դիմադրողականությունը նվազեց այնքան ու այնպես, որ հնարավոր եղավ 2016 թվականի ապրիլյան քառօրյան։

Ահա այդ թեմայով հարցերին առաջին հերթին պետք է պատասխանի Սերժ Սարգսյանը, ընդ որում՝ մեծ հարց է՝ որտե՞ղ պետք է հնչեն այդ հարցերը՝ մամուլի սրահներո՞ւմ, թե՞ դատարանի դահլիճում։ Ու եթե գործող իշխանությունն անկարող ու անտաղանդ է այնքան, որ մինչև հիմա Սերժ Սարգսյանին չեն ուղղվել քաղաքական ու քրեական պատասխանատվություն ենթադրող այդ հարցերը, դրանից ամենևին չի բխում, որ դրանք կորցրել են իրենց ակտուալությունը կամ կարևորությունը։

Այսօր՝ այս իշխանությունների օրոք, կամ երբևէ այդ հարցերը հնչելու են, դրանք ուղղվելու են Սերժ Սարգսյանին ու բոլոր նրանց, ովքեր պետությունը արժեզրկել ու թուլացրել էին այն աստիճանի, որ ղարաբաղյան բանակցություններում միակ հույսը մնացել էր Ադրբեջանի ցանկացած առաջարկ մերժելը։ Դա հետևանք է եղել երկրի դիմադրողականության ու կարողունակության հետևողական թուլացման, ինչը տեղի է ունեցել ոչ թե մեկ օրում, այլ տարիների, տասնամյակների ընթացքում։

Երկրի դիմադրողականության թուլացումը տեղի է ունեցել այն նույն տարիներին, այն նույն ժամանակահատվածում, երբ նույն Սերժ Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները, մերձավորներն ու բարեկամները Հայաստանում ու Հայաստանից դուրս միլիոնավոր դոլարների կարողություններ են դիզել, դիզել են Հայաստանի հաշվին, դիզել են բանակի ու անվտանգության, զինվորի ու սպառազինության հաշվին։ Սրանք և բազմաթիվ համակարգային արատների հետևանք հանդիսացող պատճառներն են հանգեցրել այնպիսի ներքին ու արտաքին անբարենպաստ իրավիճակի, որում հնարավոր է դարձել 2016 թվականի ապրիլյան պատերազմը։

Եվ բոլոր այս խնդիրների ու արատների թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, ով այդ հարցերին պատասխանելու փոխարեն՝ այսօր չքմեղանում է ու ավելի քան հարյուր զինվորների և 18 դիրքի կորուստ արձանագրած ապրիլյան պատերազմը ներկայացնում է որպես հաղթանակ ու հպարտության առարկա։
Երբևէ անխուսափելիորեն տրվելիք այդ պատասխանները կենսական նշանակություն ու կարևորություն ունեն, քանի որ ապրիլյան պատերազմի տապալումը հենց այդ չտրված պատասխանների մեջ է։

Սերժ Սարգսյանը, սակայն, հետևողականորեն խուսափում է այդ պատասխաններից, քանի որ դրանք ներկայացնելու դեպքում ստիպված է լինելու առերեսվել ճշմարտությանն ու խոստովանել, որ 2018 թվականին պետությունը հեղափոխական ցնցման մեջ հայտնվեց նաև ապրիլյան պատերազմի, այդ պատերազմում մեր թույլ ու դիմադրողականությունից զուրկ դիրքերի պատճառով։ Սակայն 2018 թվականին հայ հասարակությունը, հայ ժողովուրդը միարժեքորեն մերժել Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությանը ոչ թե ապրիլյան պատերազմի, այլ երկիրն այն վիճակին հասցնելու համար, որի դեպքում հնարավոր էին ապրիլյան պատերազմի կորուստները։

Այսօր, վաղը, թե ավելի ուշ, բայց Սերժ Սարգսյանը, ինչպես և նրա իրավանախորդը պատասխան են տալու պետությունը դիմադրողականությունից ու պաշտպանողականությունից զրկելու, պարտությունների տանելու համար։ Պատասխան են տալու հասարակության, պատմության ու վստահաբար՝ նաև դատարանների առաջ։

Ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում»,- գրել է Բաբաջանյանը: