Ինձ սկսեցին նկատել, ինձ հետ միասին՝ Լոռվա բառբառը նույնպես. հարցազրույց Աղաս Մանուկյանի հետ

Ինձ սկսեցին նկատել, ինձ հետ միասին՝ Լոռվա բառբառը նույնպես. հարցազրույց Աղաս Մանուկյանի հետ

Աղաս Մանուկյանը այն արտիստներից է, ով շոուբիզնեսային աշխարհում տարբերվում է իր հնչեղ բարբառային խոսելաձևով, ինչը, կարող ենք նշել՝ ուրույն հետք է թողել իր կարիերայի ստեղծման գործում։

Աղաս, կարո՞ղ եք պատմել, թե ինչպես են անցնում Ձեր կարանտինային օրերը։

Կարանտինյան օրերը անցնում են որոշակի առումով ծանր, որովհետև ամեն ինչ կանգ է առել, հատկապես մշակույթի և արվեստի ասպարեզում։ Ներկայումս չենք կարողանում զբաղվել թատրոնում, ինչը խանգարում է նաև մեր նոր սթենդափին՝ "Աղասի տասը կանայք"։ Սակայն կարող եմ ասել, որ սահմանափակումները, թերևս, չեն խանգարում սիթքոմներ նկարահանելու գործին։

Երբ մտնում էիք այս ոլորտ, ինչպիսի՞ սպասելիքներ, մտադրություններ ունեիք և արդյոք դրանք արդարացան։

Գիտեք, արդեն երրորդ տարին է, ինչ այս ասպարեզում եմ և կարող եմ ասել, որ գլոբալ սպասելիքներ չեմ ունեցել, իմ միակ ցանկությունը և այսպես ասած հաղորդագրությունը հանրությանը Լոռվա բարբառը ներկայացնելը և պրոպագանդելն էր, որը, կարող եմ ասել, ստացվել է։

Հե՞շտ էր հայտնի դառնալ և ինքնահաստատվել շոու֊բիզնեսի աշխարհում։

Այդքան էլ չէ, դեռ 2001 թվականից, երբ խաղում էի КВН, ճիշտ է, սկզբից շատ անհաջողություններ եղան, Վանաձորում եկամուտ ստանալը այդ ոլորտի մեջ դժվար էր, բայց հետո սկսեցինք մյուս քաղաքների թիմերի հետ խաղալ, և այդպես, հաստատվելը այդ ոլորտում տևեց 14 տարի։

Արդյո՞ք եղել են մարդիկ, որ հորդորել են Ձեզ չզբաղվել այս գործով։

Ճիշտն ասած ժամանակին կինս է եղել, որ ասել է՝ թողնեմ այդ գործը, բայց իմ բնավորությունից ելնելով՝ ես հավատում էի իմ գործին և շարունակում էի աշխատել։ Եվ այդպես ինձ սկսեցին նկատել, ինձ հետ միասին՝ Լոռվա բառբառը նույնպես։

Հիմա ունե՞ք նոր գաղափարներ, բացի "Աղասի 10 կանայք"-ից։

Դե "Աղասի 10 կանայք"-ը իմ գաղափարն է, բացի այդ աշխատում ենք "Հարս չկա2" հաղորդաշարի վրա, որը ավելի հետաքրքիր լուծումներով և դրվագներով է լինելու։

Շատ ծանրաբեռնվածությունը և աշխատանքը, արդյո՞ք չի խանգառում Ձեր և Ձեր ընտանիքի շփմանը։

Ասեմ, որ շատ է խանգառում, բայց ես ուրախ եմ, որ իմ կինը շատ համբերատար և խելացի է, ինչը ինձ այսօր օգնում է շատ հարցերում։ Բայց այո, ազատ ժամանակս կնոջս և երեխաներիս հետ եմ անցկացնում։

Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ։

Ծանոթացել եմ իր հետ համալսարանում, ինքը իր տեսակով աչքի ընկնող էր և շատ ակտիվ։ Համալսարանի տարիներին չէի մտածում, որ մեր միջև ինչ֊որ բան կկատարվի, բայց բանակից հետո հասկացա, որ իր անունը և տեսակը տպավորվել է իմ մեջ։ Այդպես սկսեցի իր հետ շփվել։

Ձեր կյանքում եղե՞լ են շրջաններ, որ իսկապես շատ ծանր են եղել։

Այո, եղել է, երբ մահացավ մայրս։ Ինձ համար իսկապես դա ծանր էր ու հիմա ես վստահ եմ, որ մայրս տեսնում է իմ հաջողությունները, ինձ համար դա շատ կարևոր է։

Աղաս Մանուկյանը այն արտիսներից է, ով իր փորձով և աշխատասիրությամբ ապացուցում է, որ ամեն մեկս կարող ենք հասնել բարձունքի և հաջողության, կարևորը չհանձնվելն է և ձգտելը։

Սվետլանա Թազագուլյան