Շատ տղամարդիկ կլինեին ավելի լավը, եթե մենք նրանցից դա պահանջեինք

Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչպիսի՞ն կլինեին տղամարդիկ առանց կանանց: Պատկերացրեցի՞ք: Համաձայն եմ՝ մեղմ ասած այնքան էլ լավ պատկեր չէ:
Նրանք չէին ունենա աշխատելու ոչ մի ձգտում, չէին ունենա պատճառ կամ շարժառիթ, որպեսզի դառնային մրցունակ այլ տղամարդկանց համար: Կվարեին շատ ավելի հասարակ ապրելակերպ, քանի որ, տղամարդիկ, խոստովանե՛ք, որ շատ լավ էլ կապրեիք առանց սպասքի, տարբեր ճաշատեսակների, շքեղ կահույքի և ի վերջո կձանձրանայիք, ինչպես որ մենք՝ առանց ձեզ:
Կանայք են, որ ամեն առավոտ ոգեշնչում են արթնանալ տղամարդկանց և գործի անցնել: Կանայք են այն հզոր շարժառիթը, որ ստիպում են տղամարդկանց գումար վաստակել և դառնալ ավելի լավն ու ավելի մրցունակ:
Իսկ մեզանից՝ 21-րդ դարի կանանցից, ամենուր մշտապես պահանջում են կրթվել, անվերջ զարգանալ և լինել անկախ ու կայացած ուժեղ կին: Ահա թե ինչպիսին է “21-րդ դարի” ուժեղ կնոջ կերպարը, որը առանց տղամարդու էլ ճարպկորեն կտեսնի իր գլխի ճարը:
Իսկ ո՞ր տղամարդը կլինի այն կնոջ կողքին, ում անհրաժեշտ չէ, որ իրեն պաշտպանեն, հոգ տանեն և նյութապես ապահովեն: Կխնդրեմ նկատի ունենաք, որ խոսքս իսկական տղամարդու մասին է, ով ջանք չի խնայի իր սիրած կնոջ համար, կտա ամենավերջին լուման և իր պարտքը կհամարի պաշտպանել նրան ցանկացած պարագայում, ապահովել ամեն ինչով և այնպես անել, որ վերջինս երջանիկ լինի: Սակայն մեզանից՝ կանանցից էլ, պահանջվում են որոշ ջանքեր, որպեսզի տղամարդը հասկանա՝ մենք զգում ենք իր կարիքը:
Կարդալով հայտնի ամերիկյան ռադիոհաղորդավար Սթիվ Հարվիի գիրքը՝ կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների մասին, մի քանի միտք առանձնակի հավանեցի: Շատ տղամարդիկ կլինեին ավելի լավը, եթե մենք նրանցից դա պահանջեինք: Մենք չափից դուրս շատ բան ենք վերցրել մեզ վրա, և ասեմ, որ միշտ էլ պատվով դուրս կգանք, բայց հարցը դրանում չէ: Մի օր ուղղակի ստիպված կլինենք կանգնել որոշման առաջ՝ մնալ անկախ միայնակ կին, թե՞ նահանջել և լինել հասարակ կին տղամարդու կողքին:
Այնպես որ երբեմն արժի կանգ առնել և թողնել, որ մեր կողքի տղամարդիկ իրենց իսկապես տղամարդ զգան: Եվ եթե ձեր կողքի տղամարդն իսկապես արժանի է ձեր ժամանակին, նվիրվածությանը և սիրուն, ուրեմն հնարավորություն տվեք նրան ապացուցել դա, օրինակ, շատ պարզ ու հեշտ մեթոդներով, որոնց հետ կարող եք համաձայնվել, բայց կարող եք և չհամաձայնվել: Ահա դրանցից մի քանիսը.
Լայֆհաք 1. Հարգելիներս, եթե տղամարդն իրեն նեղություն չի տալիս վեր կենալ տեղից ու բացել ձեզ համար մեքենայի դուռը, ապա հասկացնել տվեք նրան, որ դա մտնում է նրա պարտականությունների մեջ և ավելորդ անգամ հիշեցրեք, որ դուք առաջին հերթին լեդի եք, ում առաջ պետք է ջենտլմեն լինել:
Լայֆհաք 2. Մի շտապեք փակել հաշիվը ընթրիքից հետո, թույլ տվեք, որպեսզի տղամարդն ինքը դա անի առանց որևէ ավելորդ սեթևեթանքի, ասես դա է նորման և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Հակառակ դեպքում շատ անգամ կնոջը հաշիվ փակել թույլ տվող տղամարդուն մենք զրկում ենք հնարավորությունից հոգ տանել մեր մասին:
Լայֆհաք 3.Եթե տղամարդը չի հետաքրքրվում ձեր խնդիրներով ու չի առաջարկում օգնել վերանորոգել ձեր անսարք լվացարանը, մեքենան կամ անում է դա առանց որևէ էնտուզիազմի, ապա կիլոմետրերով հեռու փախեք այդ տղամարդուց և մի վախեցեք տանը մնալուց: Թույլ տվեք ձեզ զգալ իսկական կին իսկական տղամարդու կողքին: Հավատացեք՝ եթե անգամ չլինեն նյութական մեծ հնարավորություններ, նրանք անպայման մի ելք կգտնեն սիրած կնոջն օգնելու համար:
Ի վերջո, մի շարք փորձություններից հետո, դուք կհասկանաք՝ արդյո՞ք դա հենց այն տղամարդն է, ով արժանի է ձեր ժամանակին ու նվիրվածությանը, ով իսկապես սիրում է ձեզ և պատրաստ է ձգտել ավելիին, միայն թե ձեզ երջանիկ տեսնի:
Եվ վերջում, նահանջել ու լինել հասարակ կին տղամարդու կողքին դեռ չի նշանակում չլինել ուժեղ կին: Հավատացեք, տղամարդիկ շատ լավ գիտակցում են դա և համակերպվում, որ կանայք՝ թույլ սեռի ներկայացուցիչները, լավ էլ ուժեղ են: Այլապես հարցրեք ինքներդ ձեզ՝ այդ ինչպես է ստացվում, որ ընտանիքներում՝ սկսած մեր հին ավանդական հայկական ընտանիքներից, գլխավորը համարվում է տղամարդը, բայց հիմնական կարևոր որոշումները միշտ էլ կայացրել են կանայք: