Արծրուն Հովհաննիսյանի կոչը. Ամենքս դեպի մեր խրամատը, ի գործ

Արծրուն Հովհաննիսյանի կոչը. Ամենքս դեպի մեր խրամատը, ի գործ

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովաննիսյանն ուղերձ է հղել համայն հայությանը, որում նշվում է․

«Մենք դիամակայում ենք չարին՝ ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչությանը։ Մենք չունենք նավթի ու գազի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ։ Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ։ Եվ, ի վերջո, մենք ի տարբերություն թշնամու՝ չունենք 10 մլն բնակչություն մեր երկրում, բայց ունենք 10 մլն բնակչություն ամբողջ աշխարհում։ Մենք ունենք Սփյուռք։ Իմ այս կոչն ուղղված չէ պարզապես 10 մլն հայի, այլ 10 մլն պայքար մղողի, 10 մլն ոչինչ չխնայողի ու 10 մլն հաղթողի։ Ուզում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա։ Ուզում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատը ու մղի իր պայքարը։

Ես ամեն օր հարյուրավոր, հազարավոր նամակներ եմ ստանում արտերկրի մեր հայրենակիցներից։ Հարցնում են, թե ինչպես կարող են օգնել, ինչ ուղարկել։ Այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մեկ տարբերակ կա՝ նվիրատվությունները պետք է անել Հայաստանի համահայկական հիմնադրամին՝ www.himnadram.org և ԱՄՆ տարածքից՝ www.armeniafund.org կայքի միջոցով։ Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն իր նպատակին ծատայում է բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ։ Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն ամուր թիկունքն է։ Եվ ես վստահ եմ, որ դուք այն ամեն րոպե, ամեն վայրկյան ավելի եք ամրացնելու։ Մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում։ Դե ինչ, ամենքս դեպի մեր խրամատը, ի գործ»։