Մոսկվայի համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի, ինչով մենք հիմա զբաղվում ենք․ Սերգեյ Լավրով

Մոսկվայի համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի, ինչով մենք հիմա զբաղվում ենք․ Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն  այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ինչ դեր է խաղալու Ռուսասանը ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում։

«Մենք այս հարցով ակտիվ կզբաղվենք և որպես համանախագահ երկրներից մեկը, և որպես Ռուսաստան՝ ուղղակի մեր հարևանների շատ մոտ դաշնակից, ռազմավարական գործընկեր։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ ձեռք բերված մեր գիշերային պայմանավորվածություններն իզուր չէին»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարություններին, որ Թուրքիան պետք է ներգրավվի միջնորդական առաքելություններում՝ ինչպես առանձին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, Լավրովն ասաց «Համատեղ հայտարարությունում վերահաստատվում է բանակցային գործընթացի անփոփոխ լինելու մասին։ ԵԱՀԿ Մինսկի խոմւբը բազմաթիվ երկրներից բաղկացած խումբ է, բայց միջնորդության լիազորություն տրված է երեք համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ Եվ համաշխարհային մայրաքաղաքներից վերջին օրերին արված բոլոր հայտարարությունները հաստատում են հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատին, ինչով մենք հիմա զբաղված ենք մեր ԱՄՆ ու Ֆրանսիայի գործընկերների հետ»։

Ըստ Լավրովի՝ Ադրբեջանի նախագահը ողջունել է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Լավրովը նշեց, որ կապվել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուիի հետ, տեղեկացրել, որ ակնկալում են նրանց աջակցությունը համանախագահների ջանքերի ուղղությամբ։ Չավուշօղլուն մեկ այլ զանգով հաստատել է իրենց աջակցությունը մոսկովյան համաձայնագրերին: «Եվ հիմա պետք է, որ դրանք կյանքի կոչվեն, ինչով մենք հիմա զբաղվում ենք»,- ասաց նա։