Չիչերինան երգում է հայ զինվորների համար

Ռուս սիրված ռոք երգչուհի, հեղինակ-կատարող Յուլյա Չիչերինան, որը Հայաստանում մեծ ճանաչում ձեռք բերեց Мой рок-н-ролл, Жара հիթերով, առաջնագծում երգել է Արցախի պաշտպանների համար:

ԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է երգչուհու կատարման տեսանյութը:

Դեռ հոկտեմբերի 2-ին WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը «Տելեգրամի» իր էջում տեղեկացրել էր, որ Չիչերինան մեկնում է ղարաբաղյան առաջնագիծ:

YouTube-ում հրապարակված տեսանյութում երգչուհին պատմել էր, որ Արցախի փոքր գյուղերից մեկում իրենք ականատես են եղել անօդաչու թռչող սարքերի կրակոցներին: «Կրակում էին կամրջին, կրակում էին անգամ ծերունիների վրա: Օդային տագնապ էր: Մեքենաները կանգ առան, թաքնվելու տեղ չկար, և մենք ինչ-որ փակ տեղում պատսպարվեցինք: Ես տեսա, թե ինչպես են թաքնվում ծերունիները, երեխաները: Ինձ կատուն փրկեց. ես տեսա, թե ինչ հանգիստ է նա նստած, մոտեցա կատվին, նստեցի նրա մոտ»,- պատմել էր Չիչերինան ու շեշտել, որ Արցախ է մեկնել երգելու համար: