Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը. Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանը

Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը. Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանը

Չնայած ձեռք բերված համաձայնությանը՝ Լեռնային Ղարաբաղի գոտում Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը։ Այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտգործնախաար Զոհաբ Մնացականյանը։ Նա նշեց, որ այս լարվածությունը լուրջ վտանգ է ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար։

«Ձեր ջանքերի շնորհիվ մենք կարողացանք հասնել համապատասխան արդյունքի, հնարավոր եղավ ընդունել եռակողմ հայտարարություն՝ կրակի դադարեցման մասին։ Այսօր մեզ համար հրատապ խնդիր է կանգնեցնել ռազմական գործողությունները։ Ռուսաստանի դերն այս հարցում շարունակում է մնալ չափազանց կարևոր։ Ցավոք սրտի, ներկա պահին մենք չենք կարող լիարժեք արձանագրել, որ ունենք կրակի դարդարեցման համաձայնության իրականացում։ Բառացիորեն նախքան իմ այցն այստեղ շարունակվում էր տեղեկություն ստացվել այն մասին, որ Ադրբեջանը չի պահպանում կրակի դադարեցման մասին իր հանձնառությունը։ Եվ այս համատեքստում ես ուզում եմ ընդգծել վերահսկողության մեխանիզմների կարևորությունը, որը հնարավորություն կտա հասնել այդ ռեժիմի իրագործմանը»,- ասաց Մնացականյանը։

Նա մանրամասներ ներկայացրեց սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ու գործողությունների վերաբերյալ։ Ընդգծեց, որ ադրբեջանական կողմը հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին վտանգավոր զինատեսակներով։ Ասաց, որ կասետային ռումբերի հետևանքով կան շատ զոհեր ու վիրավորներ։ Մասնավորապես, նշեց, որ խաղաղ բնակչության շրջանում 23 զոհ կա։

Զոհրաբ Մնացականյանը նաև ընդգծեց, որ այս գործողություններն առանձնանում են երկու նոր բացասական գործոններով՝ Թուրքիայի ուղիղ միջամտությամբ ու վարձկան գրոհայինների ներմուծմամբ տարածաշրջան։ Ծայրահեղական գրոհինների տեղափոխման մասին տեղեկությունն արդեն միջազգային հանրության կողմից արձանագրված փաստ է։